Հետազոտությունները ցույց են տալիս, որ մայր դառնալուց հետո կնոջ ուղեղում որոշ փոփոխություններ են տեղի ունենում։ Դրանք սկսվում են դեռ հղիության ընթացքում։ Այդ ժամանակ կնոջ ուղեղի մեռած բջիջները փոխարինվում են նոր, առողջ բջիջներով։ Արդյունքում ուղեղը սկսում է ավելի արագ և ավելի լավ աշխատել։
Ավելին՝ ըստ Քինզլիի և Լամբերտի իրականացրած հետազոտության*․ «Մայրացած կանայք ավելի համարձակ են, ավելի արագ են կողմնորոշվում և ավելի արդյունավետ են գործում, քան մյուս կանայք»։
Ուղեղի փոփոխությունների արդյունքում մայրերի գնման վարքագիծը ևս փոխվում է։
Իսկ ինչպե՞ս վաճառել մայր-հաճախորդների ուղեղին։ Ներկայացնում եմ մի քանի պրակտիկ խորհուրդներ, որոնք կօգնեն ազդել նրանց ուղեղի վրա և վաճառքի գործընթացը հասցնել իր հաջող ավարտին։
- Մայրերը ձգտում են լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ, ովքեր կարող են օգտակար լինել երեխային խնամելու հարցում։ Այդպես նրանք ստեղծում են իրենց, այսպես կոչված, օգնականների «թիմը»։ Փորձեք շահել մայր-հաճախորդների վստահությունը և դառնալ այդ «թիմի» անդամը։ Ցույց տվեք, որ Ձեր պրոդուկտներով կարող եք օգտակար լինել երեխայի խնամքի հարցում։
- Մայրերը խուսափում են հեռու լինել իրենց երեխաներից։ Հետևաբար, եթե նրանց երեխան այդ պահին իրենց հետ չէ, ապա նրանք փորձելու են հնարավորինս արագ կատարել գնումներ։ Հեշտացրեք գնման գործընթացը մայր-հաճախորդների համար, օգնեք նրանց արագ կայացնել որոշումներ և դուք կշահեք նրանց վստահությունը։
- Մայր դառնալուց հետո կանայք ավելի զգոն են դառնում վտանգների նկատմամբ։ Նրանք նաև ավելի էմոցիոնալ են դառնում։ Եթե ուզում եք վաճառել մայր-հաճախորդին, ապա փորձեք անընդհատ դրական էմոցիաներ փոխանցել և ապահովության զգացում առաջացնել նրա մոտ։ Մոր համար ամենակարևորն իր երեխայի անվտանգությունն է։ Ձեր պրոդուկտը ներկայացնելիս ցույց տվեք դրա հարմարավետությունը, անվտանգությունը և մյուս դրական հատկանիշները։ Խուսափեք բացասական տեղեկատվություն տալուց։ Օրինակ՝ մի ներկայացրեք պրոդուկտը չօգտագործելու հետևանքները։ Դա կարող է բացասական էմոցիաներ առաջացնել կնոջ մոտ և ձախողել վաճառքը։
- Մայրերն ուժեղ ինտուիցիա և բնազդներ ունեն։ Մի փորձեք խաբել մայր-հաճախորդներին կամ թաքցնել ապրանքի մասին կարևոր ինֆորմացիա։ Նրանք զգում են սուտը և Ձեզ չեն ների։ Անկեղծ, պարզ և ուղիղ շփվեք նրանց հետ և կհաջողեք վաճառքներում։
Ինչպես տեսնում ենք, մայր դառնալուց հետո կնոջ ուղեղը սկսում է յուրահատուկ ձևով աշխատել։ Այն ամբողջությամբ կենտրոնանում է երեխայի խնամքի և անվտանգության վրա։ Արդյունքում կինը սկսում է լավ հարաբերություններ հաստատել նրանց հետ, ովքեր օգնում են նրան անվտանգ կերպով խնամել և մեծացնել երեխային։ Շահեք մայր-հաճախորդների վստահությունը։ Ցույց տվեք, որ երեխային անվտանգ կերպով խնամելու հարցում լավագույն օգնականը Դուք եք, Ձեր պրոդուկտը և Ձեր բրենդը։ Դա է մայր-հաճախորդին վաճառելու լավագույն մեթոդը։