Ինչու՞ են վաճառելու հմտություններն օգտակար կյանքում

Իրական կյանքում վաճառելու հմտություններ ունենալը շատ արժեքավոր է, նույնիսկ եթե մենք չենք պատրաստվում զբաղվել բուն վաճառքով, որովհետև լավ վաճառողի ունակությունները մեզ շատ պետք են նաև մեր առօրյա կյանքում, քանի որ.

1. Լավ վաճառողը նաև լավ հաղորդակցվում է։

Վաճառել չի նշանակում միայն գումար աշխատել։ Իրականում, վաճառելը ճիշտ եղանակով և ճիշտ մարդու հետ մեր ունեցած որևէ արժեքի շուրջ հաղորդակցվելն է։ Ամեն անգամ, երբ մենք որոշում ենք, թե ում հետ ենք սրճելու կամ ում հետ ենք քննարկելու նոր բիզնես նախագծի ստրատեգիական մանրամասները՝ հաղորդակցվելու ճիշտ եղանակի ընտրությունն ու իմացությունը առանցքային է դառնում։

2. Վաճառելու հմտությունները օգնում են ավելի լավ հասկանալ մարդկանց։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդիկ ունեն էմոցիոնալ ինտելեկտի (EQ) տարբեր մակարդակներ, կարևոր է սովորել, հասկանալ և գնահատել նրանց արժեքները, կյանքի առաջնահերթությունները, ընկալման մեխանիզմները․այս բոլոր գործոնների հետ ճիշտ աշխատելը հաղորդակցման անբաժանելի մասն է։ Ինչպես առօրյա շփումներում է կարևորվում դիմացինի կարիքների և պահանջմունքների ճիշտ ընկալումը, այնպես էլ վաճառքի գործընթացում է շատ կարևոր հասկանալ գնորդի պահանջները։ Այս տեսակետից կարող եմ պնդել, որ լավ վաճառողն անում է նույն բանը բիզնեսում՝ օգնում է գնորդին տարբերակել ապրանքների կամ ծառայությունների այն առանձնահատկությունները, որոնք կոնկրետ մարդիկ ամենաշատն են ցանկանում և գնահատում։

3. Լավ վաճառողը, ինչպես և բոլոր հաջողակ մարդիկ, կարողանում է ակտիվորեն առաջխաղացնել իր տեսակետները և գաղափարները։

Ինչպես գիտենք վաճառքը ցանկացած բիզնեսի թթվածինն է, և լավ վաճառողը պետք է արդյունավետորեն գնորդին ներկայացնի պրոդուկտի իրական «արժեքը»։ Գրեթե նույն իրավիճակն է նաև կյանքում․ մարդը պետք է ունենա հաղորդակցվելու լավ ունակություն և սեփական մտքերն ու տեսակետները դիմացինին հաղորդելու արդյունավետ եղանակ։ Այլ կերպ ասած, հաջողության հասնելու համար մենք բոլորս էլ պետք է կարողանանք համոզել ուրիշներին հավատալ մեզ։ Արդյո՞ք, սա էլ մի յուրատեսակ վաճառք չէ։

4. Վաճառելով մենք սովորում ենք, թե ինչպես է պետք գործ ունենալ մյուսների առարկությունների հետ։

Ե´վ բիզնեսում, և´ կյանքում մենք կարող ենք մերժվել և հնարավոր է ոչ մեկ անգամ։ Խելացի վաճառքը սովորեցնում է, հասկանալ դիմացինի առարկության էությունը և անել այնպես, որ հաճախորդը տեսնի, հասկանա և ընդունի մեր տեսակետը։ Իսկ ամենակարևորը՝ վաճառելը սովորեցնում է պարզաբանել մեր տեսակետը և համառորեն շարունակել վաճառքի փորձերը, նույնիսկ եթե մերժվել ենք մի քանի անգամ։

5. Լավ վաճառելը սովորեցնում է նաև գոհացնել մարդկանց։

«Մարդիկ հաճախ մոռանում են, թե ինչ ենք մենք ասել, մոռանում են, ինչ ենք մենք արել, սակայն նրանք երբեք չեն մոռանա, թե ինչ են զգացել մեզ հետ»։

Եթե մենք կարողանում ենք այնպես անել, որ մարդիկ ուրախ լիեն մեր պրոդուկտը գնելիս կամ մեզ հետ շփվելիս, ապա վստահաբար նրանք ապագայում էլ կշարունակեն համագործակցել մեզ հետ։ Սովորաբար, ուրիշներին լավ զգացողություններ պարգևելը իմաստալից, հուսալի և երկարաժամկետ հարաբերությունների հիմքն է և մի բան, որը պետք է առանցքային լինի մարդկային հարաբերություններում, թիմում, բիզնեսում և կյանքում։

Եվ այստեղ տեղին է նշել, որ վաճառելը միայն գումար աշխատելը չէ, դա շատ ավելին է․․․ Վաճառելն առաջին հերթին մարդկանց լավ հասկանալն է, դրա շնորհիվ մեր ունեցած որևէ արժեքի կարևորության ամրապնդումը, արդյունավետ ներկայացումն ու փոխանցումն է մյուսներին։