Լավ վաճառող ծնվու՞մ են, թե՞ դառնում…

Հաճախ են ինձ հարցնում․ «վաճառող ծնվու՞մ են, թե՞ դառնում»։ Համաձայնե´ք, որ դժվար հարց է, եթե հաշվի առնենք, որ պրակտիկայում կգտնենք բազմաթիվ հակասական օրինակներ։ Ըստ իս, ճշգրիտ պատասխան չկա։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ լավ վաճառողի հաջողության 30%-ը իր ներսում է, իսկ 70%-ը՝ դրսում և պայմանավորված է իր վրա աշխատելու, ունակությունները զարգացնելու, ինքնակրթվելու և, որն ամենակարևորն է, սխալներից անընդհատ դասեր քաղելու հանգամանքով։

Կան մարդիկ, ովքեր շատ ավելի հեշտ են ինտեգրվում վաճառքի պրոցեսի մեջ և, բնականաբար նրանց մոտ ավելի լավ է ստացվում շփումն ու հարաբերությունների կառուցումը, ավելի հաստատակամորեն են առաջխաղացնում իրենց կարծիքը։ Նրանք իրենց խոսքը կարողանում են ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում հասցնել զրուցակցին, շատ հետաքրքրասեր են՝ բառի դրական իմաստով։

Իսկ ի՞նչ, եթե մարդն ի ծնե չունի այս հատկանիշները․․․ Բայց չէ՞ որ մարդու ներքին բնությունն ավելի զորեղ է։ Եթե մեկը չունի այս հատկանիշները, սակայն ուժգին ցանկությամբ ուզում է դառնալ պրոֆեսիոնալ վաճառող և անընդհատ ձգտում է դրան, ապա նա կհասնի։
Հայտնի ասացվածքն ասում է, որ «դեռ որոշիչ չէ, թե որքան հաջողակ ես, որ ծնվել ես հենց այդպիսին։ Կարևորն այն է, թե ինչե՞ր ես անում՝ դրանից ավելին լինելու համար»։
Վաճառքի տարբեր տեսակները, ինչպես նաև վաճառելու պրոցեսում ստեղծվող իրավիճակները պահանջում են բազում գիտելիքներ, հմտություններ և կարողություններ, որոնք ձեռք են բերվում միայն կրթվելու, սովորելու, երկար տարիների փորձառության և անդադար ինքնակատարելագործման միջոցով։

Վստահ եմ, որ վաճառելու հմտությունների առյուծի բաժինը ձեռք է բերվում կյանքի ընթացքում, իսկ թե դա կլինի միայն փորձը, կամ միայն լավ կրթությունը, վաճառքների պրոֆեսիոնալ թրեյնինգը, թե մեկ այլ օժանդակող գործիք, այդքան էլ կարևոր չէ։ Ցանկալի է, որ այս բոլորը զուգորդվեն միմյանց հետ և այս դեպքում մարդը կարող է հաղթահարել բնությունից իրեն չտրված կարողությունների բացը և ձևավորել իր հաջողությունը։

Լավ վաճառող լինելու համար ավելի կարևոր է, թե որքան շատ է մարդն ուզում դա։

Քանի որ մեկն, ով ունի բնածին հաղորդակցվելու, ճկուն մտածելու, արագ կողմնորոշվելու և մարդկանց գրավելու տաղանդ կարող է չսովորել վաճառքի գաղտնիքները, չզարգացնել վաճառքի տեխնիկաները, չծանոթանալ ոլորտի գիտելիքներին, կամ ուղղակի չձգտել դառնալու պրոֆեսիոնալ վաճառող, իսկ արդյունքում այդպես էլ չհասնել ոչնչի։

Լավ վաճառող դառնալու համար անհրաժեշտ է «մի լճակ բնությունից և նրա մեջ թափվող բազում լայնահուն գետեր՝ ծով դառնալու համար»։