Nike-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ ընկերությունը կվերսկսի ապրանքների ուղղակի վաճառքը Amazon-ի ԱՄՆ-ի կայքում:
«Մենք ներդրումներ ենք կատարում՝ սպառողներին ճիշտ ապրանքներ, լավագույն ծառայություններ և անհատականացված փորձառություն տրամադրելու համար», — հայտարարել է Nike-ի ներկայացուցիչը:
2019 թվականին Nike-ն և Amazon-ը դադարեցրեցին համագործակցությունը՝ հիմնականում կեղծ ապրանքների և բրենդի վերահսկողության հետ կապված խնդիրների պատճառով: Այդ ժամանակվանից Nike-ի ապրանքները Amazon-ում վաճառվում էին միայն երրորդ կողմի վաճառողների կողմից, ինչը հաճախ հանգեցնում էր անորակ ապրանքների և բարձր գների:
Այժմ, երբ Nike-ն կվերադառնա Amazon-ի հարթակ, սպառողները կկարողանան վստահել ապրանքի որակին և օրիգինալությանը և օգտվել Amazon-ի արագ առաքման ծառայություններից։
Jefferies ներդրումային բանկի վերլուծաբան Ռանդալ Կոնիկը նշել է, որ սա շատ «խելացի քայլ» է՝ շեշտադրելով, որ Amazon-ը ամենամեծ էլեկտրոնային առևտրի հարթակն է աշխարհում:
Այս որոշումը ցույց է տալիս, որ նույնիսկ ամենամեծ բրենդները պետք է կարողանան հարմարվել փոփոխվող շուկային՝ հաճախորդների կարիքներն առաջնային դարձնելու համար: