Նախնական նպատակը ուժերը միավորելն էր՝ գլոբալ մրցակցությունում դիրքերը ամրապնդելու համար, սակայն գործընթացի ընթացքում Nissan-ը հրաժարվեց առաջարկված մոդելից, քանի որ այն չի համապատասխանել ընկերության երկարաժամկետ ռազմավարությանը։
Բանակցությունների ուղղվածությունը փոխվել է և քննարկվել է Nissan-ը Honda-ի դուստր ձեռնարկություն դարձնելու տարբերակը։
Honda-ն առաջարկել է բաժնետոմսերի փոխանակում՝ որոշումները հեշտացնելու համար, բայց Nissan-ը մերժել է՝ չցանկանալով կորցնել իր ինքնուրույնությունը։
Արդյունքում, կողմերը համաձայնել են դադարեցնել միավորման քննարկումները։
Mitsubishi-ն բանակցություններում ավելի պասիվ դեր ուներ և հիմնականում դիտարկում էր Honda-Nissan միավորմանը միանալու հնարավորությունը։ Քանի որ այդ միավորումը չեղարկվեց, Mitsubishi-ն նույնպես դուրս մնաց այս ծրագրից։
Այնուամենայնիվ երեք ընկերությունները հայտարարել են, որ շարունակելու են համագործակցել էլեկտրական և խելացի մեքենաների ոլորտում։
Ֆինանսական իրավիճակը ևս վճռորոշ դեր խաղաց բանակցությունների ընթացքի վրա։ Honda-ն ավելի կայուն վիճակում է, մինչդեռ Nissan-ը ֆինանսական դժվարությունների առաջ է կանգնած՝ վնասների պատճառով կրճատելով 9,000 աշխատատեղ։ Մամուլում տարածվել էին լուրեր, որ Թայվանի Foxconn-ը կարող է բաժնեմաս ձեռք բերել Nissan-ում, սակայն թե՛ Ուչիդան, թե՛ Honda-ի գործադիր տնօրեն Տոշիհիրո Միբեն հերքել են այդ պնդումները։
Ուչիդան ընդգծել է, որ Nissan-ը չի հանձնվելու, կշարունակի վերականգնման ուղին և մեկ ամսվա ընթացքում կներկայացնի նոր ռազմավարություն։
Այս որոշումը ցույց է տալիս, որ ավանդական ավտոարտադրողները դեռևս չունեն միանշանակ ռազմավարություն խոշոր միավորումների հարցում։
Tesla-ի, BYD-ի և այլ խոշոր մրցակիցների առկայության պայմաններում ճապոնական ավտոարտադրողները հնարավորություն ունեին ստեղծելու հզոր միավորում՝ համատեղելու ռեսուրսները, տեխնոլոգիաներն ու շուկայի հասանելիությունը։ Այս համագործակցության ձախողումը թույլ չի տա նրանց միասնաբար մրցակցել էլեկտրական և խելացի մեքենաների շուկայում։