Ինչպե՞ս պետք է մրցակցես բիզնեսում, որպեսզի երկար մնաս ու շատ արագ չպարտվես: Բայց մինչ այդ մի կարևոր փաստի մասին: Սեպտեմբերի 7-ին Երևանում մի հետաքրքիր կրթական իրադարձություն տեղի ունեցավ: Հայտնի շվեդ տնտեսագետ Կյելլ Նորդսթրյոմը Skill.am-ի հրավերով ժամանել էր Երևան և անցկացրեց ինձ համար շատ յուրահատուկ ինսայթ սեսիա՝ FAANG Business Style թեմայով: Դա մի խտացված ծաղկաքաղ էր՝ կազմված իր 3 հայտնի գրքերից ու հարցազրույցներից, որի ճիշտ օգտագործման դեպքում էական մրցակցային առավելություններ կարելի է ստանալ: Ի՞նչ առանցքային բան տվեց Kjell-ը ինձ:
Բիզնես խորհրդատվական իմ պրակտիկայում ես գրեթե ամեն օր հանդիպում եմ այսպես կոչված պատճենահանման «ռազմավարությանը», երբ որևէ ընկերություն իրականացնում է մի նորամուծություն կամ հետաքրքիր բիզնես լուծում, իսկ բառացիորեն հաջորդ շաբաթ այդ ամենն արդեն պատճենված կերպով կիրառվում է մրցակիցների կողմից (երբեմն էլ ներկայացվում է որպես իրենց սեփական մտահղացում): Հավանաբար Դուք էլ եք կարծում, որ այս երևույթի դեմ անհրաժեշտ է պայքարել:
Ես գտնում եմ, որ ոչ, չարժե պայքարել:
Եթե դու մի բան ես ստեղծել, որը հեշտությամբ հնարավոր է կրկնօրինակել, ապա ներկայիս բիզնես մտածելակերպի պայմաններում դու ոչ մի արժեքավոր բան էլ չես ստեղծել: Եթե ուզում ես ունենալ համեմատական կամ բացարձակ առավելություն, ապա պետք է մրցակցելիս կարողանաս մի այնպիսի պրոդուկտ ստեղծել ու այդպես յուրօրինակ էլ առաջարկել հաճախորդիդ, որի ամբողջական կրկնօրինակումը լինի գրեթե անհնար:
Իսկ հնարավոր կլինի՞ այդպիսի պրոդուկտ ստեղծել: Միայն այսօրվա տեխնոլոգիայի վրա հենվելով՝ չի լինի, քանի որ բոլորն էլ տիրապետում են այդ հնարավորություններին: Պետք է ունենաս գիտելք, իսկ Կյելլն ասում էր «թաքնված» գիտելիքի մի այնպիսի պաշար, որի օգտագործման շնորհիվ էլ հենց կունենաս առանձնահատուկ պրոդուկտ և որի ամբողջական պատճենումը կդառնա պրակտիկորեն անհնար, քանի որ այդ դեպքում անհրաժեշտություն կլինի պատճենահանել նաև քեզ, տարիներով կուտակած քո փորձառությունը, քո մտածելաձևն ու ստրատեգիական որոշումներ կայացնելիս քո քայլերի ալգորիթմն ու վարիացիաները: Իսկ դրանք, հավատացեք, հնարավոր չէ պատճենել. ոմանց մոտ ուրիշներին կրկնօրինակելիս գրոտեսկը շատ ցցուն է ստացվում 🙂
Ո՞րն է խորհուրդս այսօրվա բիզնեսմեններին. որպեսզի լինեք մրցունակ, պետք է իմանաք ավելին ու ինչ-որ հատուկ մի բան, որ Ձեր մրցակիցը չգիտի: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի անխափան ու կայուն շարունակականությամբ զբաղվեք ինքնակրթությամբ ու խորքային գիտելիքի սերտմամբ:
Կրկին շնորհակալություն Skill.am-ին Kjell Nordstrom-ին Երևան բերելու և այդքան բարձր մակարդակով ինսայթ սեսիան կազմակերպելու համար: