Այս հոդվածում ներկայացվում են բիզնեսների կողմից հաճախ կատարվող մարքեթինգային մի քանի սխալներ, որոնք մենք դիտարկել ենք մեր պրակտիկայում։ Որո՞նք են այդ սխալները․
Սխալ #1․ Աշխատանքի են վերցվում մարդիկ, ովքեր պետք է զբաղվեն ընկերության մարքեթինգով, բայց այդ մարդիկ իրականում գաղափար չունեն տվյալ ոլորտից։ Նրանք մինչ այդ ամբողջությամբ տարբերվող ոլորտի մարքեթինգով են զբաղվել
Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել այս սխալը․
1․ Դուք չեք կարող ճշգրիտ և օբյեկտիվ գնահատել՝ արդյո՞ք տվյալ մասնագետը լավն է, թե՞ ոչ։
2․ Դուք չեք կարող ունենալ իրատեսական սպասելիքներ այդ մասնագետի կողմից իրականացվող մարքեթինգից։ Պատճառն իրականում այն է, որ Դուք ամենայն հավանականությամբ աշխատանքի եք վերցրել ոչ թե Ձեր ոլորտի լավ մասնագետի, այլ այն մասնագետին, ով մեծ խոստումներ է տվել։
3․ Դուք չեք իմանա, թե այդ մասնագետի կողմից մշակված և առաջարկվող մարքեթինգային մարտավարությունը հաջորդ փուլում ինչպես է հարմարեցվելու բիզնեսի մյուս օղակների աշխատանքի հետ։ Դրա պատճառով կվատնեք մեծ գումար և կստանաք չնչին արդյունք:
Նման խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է, որ բիզնեսի ղեկավարությունն ունենա մարքեթինգային լավ գրագիտություն, այսինքն ծանոթ լինի իր ոլորտի մարքեթինգային նրբություններին, պատկերացնի սեփական բիզնեսի զարգացման ստրատեգիան ու հիմնական վեկտորները և հետո նոր վարձի պրոֆեսիոնալ մարքեթոլոգների։
Սխալ #2. Մարքեթինգ պարզապես չի արվում
Հաճախ բիզնեսի ղեկավարությունից լսում ենք հետևյալ արտահայտությունները․ «Եթե լավ պրոդուկտ ստեղծենք, ապա այդ պրոդուկտն ինքն իրեն կվաճառի»։ Սա լուրջ և անուղղելի հետևանքներ ունեցող սխալ է, քանի որ նույնիսկ աշխարհի լավագույն բիզնեսները անում են մարքեթինգ, չնայած նրան, որ մենք երբեմն կարծում ենք, թե չեն անում։
Այս շարքի հաջորդ տարածված սխալը հետևյալն է․ «Եկեք փող չծախսենք մարքեթինգի վրա, եվ փոխարենը այդ ողջ գումարը դնենք պրոդուկտի բարելավման վրա»։ Սա ևս սխալ է։ Ինչպես նշում է Հենրի ֆորդը․ «Չանել մարքեթինգ փող խնայելու համար նույնն է, թե կանգնեցնել ժամացույցը, ժամանակ խնայելու համար»։
Սխալ #3․ Մարքեթինգ արվում է, բայց մարքեթինգային հետազոտություններ չեն արվում
Հետազոտությունները և տարբեր տիպի մարքեթինգային թեստինգներն իրականում խնայում են բավականաչափ ժամանակ և գումար, քանի որ յուրաքանչյուր մարքեթինգային արշավ սկսելուց առաջ դրանք հնարավորություն են տալիս ճշգրիտ կանխատեսել պոտենցյալ գնորդների արձագանքն ու վարքագիծը։ Ցավոք հետազոտություններ չանելու սխալը հաճախ ճակատագրական է լինում նույնիսկ կայացած բիզնեսների համար։
Սխալ #4․ Ավելի շատ աշխատանք է տարվում սոց մեդիայի վրա և անտեսվում են վեբ կայքերը
Պետք է մի բան շատ պարզ հասկանանք՝ սոց մեդիայի էջերը լավագույն դեպքում լիդերին պարզապես ուղղորդում են դեպի բիզնեսի վեբ կայք։ Դրանք տալիս են նոր լիդեր գրավելու, ինչպես նաև գործող հաճախորդների հետ կապ հաստատելու հիասքանչ հնարավրություն և միայն այսքանը։ Սոց մեդիան դեռևս չի կարող փոխարինել բիզնեսի վեբ կայքին, քանի որ լավ պատրաստված վեբ կայքը տալիս է այդ լիդերին հասունացնելու և վաճառքի ձագարով առաջ տանելու հրաշալի հնարավորություն։
Հետևաբար այս հարցում անհրաժեշտ է շարժվել հետևյալ սկզբունքով․ «Մի կառուցեք Ձեր տունը վարձատրմամբ վերցված հողի վրա»։
Սխալ #5. Ֆոկուսավորումն ու դիրքավորումն արվում են սխալ սեգմենտի վրա
Դիրքավորումը շուկայում սեփական տեղն ունենալու և մրցակիցներից դիֆերենցվելու կարևոր մասն է։ Պետք է հիշել, որ «եթե մենք սխալ ուղղությամբ ենք գնում, ապա որքան էլ արագ թիավարենք, միևնույն է՝ տեղ չենք հասնի»։ Սեգմենտավորումը, թիրախավորումը, դիֆերենցումն ու դիրքավորումը ժամանակակից մարքեթինգի ոսկե քառանկյունին է։
Սխալ #6․ Ակտիվ մարքեթինգ է արվում, բայց չկա ունիկալ առաջարկ
Ունիկալ առաջարկը այն յուրահատկությունն է, որով մի պրոդուկտը տարբերվում է համանման մյուս պրոդուկտներից, կամ բիզնեսն է տարբերվում մրցակիցներից։
Խնդիրն այն է, որ ժամանակակից բիզնես միջավայրում հաճախորդները մշտապես ստանում են տարբեր առաջարկներ։ Իսկ գիտե՞ք, թե ինչ է լինում, եթե Դուք չունեք ունիկալ առաջարկ։ Ձեր ձայնը հաճախորդի համար պարզապես վերածվում է «ավելորդ աղմուկի»։ Հետևաբար պրոդուկտի ունիկալ առաջարկը պետք է դարձնել մարքեթինգային յուրաքանչյուր նախաձեռնության հիմքը։ Ունիկալ առաջարկ ձևավորելու համար պարզապես հարցրեք ինքներդ Ձեզ․
1․ Արդյո՞ք մենք լուծում ենք այնպիսի խնդիր, որը ուրիշ ոչ ոք չի լուծում
2․ Արդյո՞ք ապահովում ենք ամենաբարձր որակը հնարավոր ամենացածր գնով
3․ Արդյո՞ք վաճառում ենք այնպիսի պրոդուկտ, որը հաճախորդին տալիս է յուրահատուկ ԱՐԺԵՔ
Սխալ #7. Չի ապահովվում կրկնակի վաճառքը կամ հաճախորդների վերադարձը։
Անընդհատ միայն նոր հաճախորդների ներգրավման վրա կենտրոնանալը և նախկին գնորդների միջոցով հասույթի հնարավորությունները բաց թողնելը տարածված մարքեթինգային սխալ է։
Անհրաժեշտ է հավասար ռեսուրսներ հատկացնել ինչպես նոր հաճախորդների ներգրավման, այնպես էլ արդեն առկա հաճախորդների շարունակական վերադարձն ու լոյալությունն ապահովելու վրա։ Այս խմբի հաճախորդները մեզ ապահովում են կրկնակի վաճառքներ և դրանով իսկ ավելացնում են շահույթը։