Mpox-ը (Կապկի ծաղիկը) դարձել է համաշխարհային արտակարգ իրավիճակ։ Կդառնա՞ այն մեկ այլ համաճարակ

Մարիա Չենգ

Ուղղություն - Առողջապահություն/ Էսթետիկ բժշկություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ Կոնգոյում և Աֆրիկայի այլ վայրերում առկա mpox-ի բռնկումները ստեղծել համաշխարհային արտակարգ իրավիճակ, ինչն է պահանջում է հրատապ գործողություններ վիրուսի տարածումը կանխելու համար: Շվեդիան այնուհետև հայտարարել է, որ հայտնաբերել է mpox-ի նոր ձևի առաջին դեպքը, որը նախկինում արձանագրվել էր միայն Աֆրիկայում՝ մի ճանապարհորդի մոտ:

Արդյո՞ք mpox-ը կհանգեցնի մեկ այլ համաճարակի: Դա խիստ անհավանական է թվում: Համաճարակները, ներառյալ խոզի գրիպն ու COVID-19-ը, սովորաբար հրահրվում են օդակաթիլային ճանապարհով և արագ տարածվում են, այդ թվում՝ այն մարդկանց կողմից, ովքեր կարող է ախտանշաններ չունենան: Mpox-ը, որը հայտնի է նաև որպես կապկի ծաղիկ, հիմնականում տարածվում է վարակված մարդկանց հետ մաշկի սերտ շփման կամ նրանց կեղտոտված հագուստի կամ անկողնային պարագաների միջոցով: Այն հաճախ առաջացնում է տեսանելի մաշկային վնասվածքներ, որոնք կարող են նվազեցնել մարդկանց սերտ շփման հավանականությունը:

Անվտանգ մնալու համար փորձագետները խորհուրդ են տալիս խուսափել սերտ ֆիզիկական շփումից այն մարդու հետ, ով ունի mpox-ին նման վնասվածքներ, չօգտագործել նրանց սպասքը, հագուստը կամ անկողնային պարագաները և պահպանել լավ հիգիենա, ինչպիսին է ձեռքերի կանոնավոր լվացումը:

Որքանո՞վ է mpox-ը տարբերվում COVID-19-ից: Mpox-ը տարածվում է շատ դանդաղ՝ ի տարբերություն կորոնավիրուսի: Չինաստանում կորոնավիրուսի հայտնաբերումից կարճ ժամանակ անց դեպքերի թիվը թռիչքաձև աճեց մի քանի հարյուրից մինչև մի քանի հազարի. հունվարի մեկ շաբաթվա ընթացքում դեպքերի թիվն ավելացավ ավելի քան տասն անգամ: 2020 թվականի մարտին, երբ ԱՀԿ-ն COVID-19-ը որակեց որպես համաճարակ, կար ավելի քան 126,000 վարակ և 4,600 մահ՝ կորոնավիրուսի հայտնաբերումից մոտ երեք ամիս անց:

Ի հակադրություն դրան, 2022 թվականից սկսած mpox-ի դեպքերը հասել են գրեթե 100,000 վարակի համաշխարհային մակարդակով՝ մոտ 200 մահվան դեպքով, ըստ ԱՀԿ-ի: Mpox-ի համար կան պատվաստանյութեր և բուժումներ՝ ի տարբերություն COVID-19 համաճարակի վաղ օրերի: «Մենք ունենք այն, ինչ անհրաժեշտ է mpox-ը կանգնեցնելու համար», — ասաց Դյուկի համալսարանի Գլոբալ առողջության ինստիտուտի տնօրեն դոկտոր Քրիս Բեյրերը: «Սա նույն իրավիճակը չէ, որին մենք բախվեցինք COVID-ի ժամանակ, երբ չկար պատվաստանյութ և հակավիրուսային միջոցներ»:

Որքա՞ն արագ կդադարեցվեն mpox-ի այս բռնկումները: Դա անհայտ է: 2022 թվականին ավելի քան 70 երկրներում mpox-ի բռնկումը դանդաղեցվեց մի քանի ամսվա ընթացքում՝ հիմնականում շնորհիվ պատվաստումների ծրագրերի և դեղերի, որոնք հասանելի դարձան հարուստ երկրներում ռիսկի ենթակա բնակչությանը: Ներկայումս mpox-ի դեպքերի մեծ մասը Աֆրիկայում է, և այդ դեպքերի և մահերի 96%-ը Կոնգոյում է՝ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկում, որի առողջապահական համակարգը հիմնականում փլուզվել է թերսնուցման, խոլերայի և կարմրուկի ծանրաբեռնվածությունից: Չնայած Կոնգոյի պաշտոնյաները դոնորներից խնդրել էին 4 միլիון պատվաստանյութ, այն դեռ ոչինչ չի ստացել:

Չնայած ԱՀԿ-ն 2022 թվականին mpox-ը համաշխարհային արտակարգ իրավիճակ հայտարարեց, Աֆրիկան գրեթե ոչ մի պատվաստանյութ կամ բուժում չստացավ: Դյուկի համալսարանի Բեյրերն ասաց, որ աշխարհի շահերից է բխում այժմ ներդրումներ կատարել Աֆրիկայում բռնկումները ճնշելու համար:

«Մենք իրականում կարող ենք վերահսկել այս համաճարակը, բայց մենք պետք է որոշում կայացնենք առաջնահերթություն տալ Աֆրիկային», — ասաց նա: