Իմ գրասենյակի հարևանությամբ կան մի շարք գեղեցկության սրահներ և ես ամեն օր տեսնում եմ 100-ավոր կանանց և աղջիկների, որոնց քայլվածքից անգամ հնարավոր է լինում պատկերացում կազմել բարդույթների, բնավորության, ինքնավստահության կամ շատ ու շատ այլ ներանձնային հատկանիշների մասին։ Ես տեսնում եմ, որ նրանց 90%-ը ցանկանում է ձուլվել համընդհանուր trend դարձած ձևաչափերին, ունենալ դեմքի նույն «գեղեցիկ» կառուցվածքը։ Ինձ համար գեղեցկությունը հարաբերական հասկացողություն է։ Երբեք և ոչ ոք չի կարող հստակ գծել այն սահմանը, որը բաժանում է գեղեցիկն ու տգեղը, քանի որ յուրաքանչյուրն ունի դրա ընկալման ուրույն մոտեցում։ Օրինակ, ինձ համար գնահատելի է մարդու տեսակը և այդ տեսակի օրիգինալությունը։ Սակայն ասօր շատ շատերը բարդույթավորվում են այն մտքից, որ իրենց արտաքինը համընդհանուր ստանդարտից տարբերվում է։
Մտքիս եկավ Dove-ի մարքեթինգային պատմությունը, որն իր գովազդներում ընդգրկում էր միայն «գեղեցիկ» մոդելների։ Dove-ի մարքեթինգային տնօրենը մի օր հասկանում է, որ այդ գովազդներն ազդում են իր աղջկա ինքնագնահատականի վրա և իր կոլեգաների շրջանում փոքրիկ հետազոտություն անելուց հետո պարզում է, որ սա արդի և տարածված խնդիր է։ Քանի որ իր իսկ ղեկավարությամբ պատրաստված գովազդները լուրջ հետևանքներ էին ունեցել իր աղջկա վրա, նա որոշում է ազատվել աշխատանքից։ Սակայն հասկանում է, որ պետք է ինչ որ բան ձեռնարկել։ Եվ նա կազմակերպության բոլոր տնօրենների աղջիկների նկարներով մի մեծ պոստեր է պատրաստում և նշում, որ աղջիկները համեմատվելով «գեղեցիկի» համընդանուր ընդունված ստանդարտի հետ, իրենց գեղեցիկ չեն համարում։ Երբ գործադիր տնօրենը տեսնում է այդ պոստերը, անմիջապես որոշում է փոխել Dove-ի մարքեթինգային քաղաքականությունը։ Այժմ, Dove-ի գովազդներում կարելի է տեսնել «գեղեցիկի» մի շարք դրսևորումներ, քանի որ լինել կին նշանակում է լինել մայր, քույր, երեխա, տատիկ, ընկեր, պարզապես անցորդ և ոչ թե միմիայն մոդելային կազմվածքով կատարելություն։
Ասեմ, որ նոր մարքեթինգային քաղաքականությունը կրկնապատկեց Dove-ի շահույթը և նա դարձավ գերհզոր կազմակերպություն։