IKEA-ն կահույքի վաճառքով զբաղվող շվեդական ընկերություն է, որն ունի 423 սրահ՝ աշխարհի 52 շուկաներում։ IKEA-ն այն եզակի բրենդներից է, որը կարողացել է իր հիմնական բիզնես մոդելով ներթափանցել այդքան շուկաներ և իր գործունեության 75 տարիների ընթացքում հավատարիմ մնալ իր առաքելությանը՝ «Դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը»։
Մինչև IKEA-ի հիմնումը կահույքը համարվում էր երկարատև (20 տարի ժամկետով) ներդրում և երբեմն նույնիսկ փոխանցվում էր սերնդեսերունդ։ IKEA-ին հաջողվեց հիմնովին փոխել կահույք գնելու վերաբերյալ մարդկանց մտածելակերպը՝ առաջարկելով այնպիսի կահույք, որը նախատեսված չէ տարիներով օգտագործելու համար, փոխարենը մատչելի է, պրակտիկ և նորաձև։
Հարկ է նշել, որ հենց IKEA-ի բիզնես տեսլականը և նախապես մշակված խելացի վաճառքային ստրատեգիան են որոշիչ դեր խաղացել ընկերության բիզնես հաջողություններում։
IKEA-ն հիմնվել է շվեդական մի փոքր քաղաքում, և հենց սկզբից մենեջերները հասկացել են, որ աճի միակ տարբերակը այլ շուկաներ ներթափանցելու ստրատեգիան է։ IKEA-ն կարողանում է նոր շուկաներ գրավել ոչ թե բարձրակարգ ու գերորակյալ պրոդուկտով, այլ գնային ստրատեգիաներով, իսկ ավելի ճիշտ՝ շատ ցածր գներով։ Բայց միայն այսքանը բավարար չէր լինի IKEA-ի հաջողության համար, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նրա բիզնես հաջողության մեջ առանցքային դեր են խաղացել անընդհատ կատարվող բազում նորարարությունները, ինչպես նաև հաճախորդների խնդիրներն ու ցանկությունները լուծելու տարբերվող և առանձնահատուկ մոտեցումները։
Կահույքի վաճառքում «augmented reality» տեխնոլոգիայի օգտագործումը IKEA-ի վերջին նորարարություններից է։ Ընկերությունը շատ լավ գիտի, որ բազմաթիվ հաճախորդներ հետաձգում են կահույք գնելը, քանի որ չեն կողմնորոշվում ընտրության հարցում։ Ուստի, վաճառքներն ավելացնելու (հատկապես օնլայն հարթակում) նպատակով 2017թ․-ին IKEA-ն Apple-ի հետ համատեղ ստեղծեց է մի հավելված, որը վիրտուալ իրականությունում հնարավորություն է տալիս հաճախորդներին տեղադրել ընտրված կահույքը տան ցանկացած հատվածում: Արդյունքում հաճախորդները կարողանում են տեսնել, թե կահույքը ինչ տեսք է հաղորդում իրենց տանը և հեշտությամբ ընտրում են տան դիզայնին համապատասխան և ճիշտ չափսի կահույք։ Սա ճիշտ ընտրված մրցակցային ստրատեգիաների միջոցով հսկայական շուկաների գրավման և վաճառքների ավելացման մի օրինակ էր՝ պարզ ու միջին որակի պրոդուկտի միջոցով: