Մարդկանց էմոցիաների առաջացման պատճառներին նվիրված ուսումնասիրություններն ու լայնածավալ գիտական հետազոտությունները թույլ տվեցին, որ ամերիկացի հայտնի նեյրոֆիզիոլոգ Փոլ Դ․Մաքլեյնը 1960 թվականին առաջարկի մարդու ուղեղի ֆունկցիոնալ առումով նոր, շատ պարզ մի մոդել՝ բաղկացած 3 էվոլյուցիոն մասերից։ Ըստ առաջարկած մոդելի՝ մարդու ուղեղն իր էվոլյուցիայի ընթացքում անցել է մի քանի փուլեր, որի արդյունքում մարդու մոտ ձևավորվել են ուղեղի 3, իրարից տարբերվող շերտեր։ Դրանք են
- սողունային ուղեղը կամ «հին ուղեղը»
- էմոցիոնալ ուղեղը կամ «միջին ուղեղը»
- տրամաբանող ուղեղը կամ «նոր ուղեղը»
Ըստ Մաքլեյնի, ուղեղի այս 3 շերտերն ըստ էության մրցակցում են միմյանց միջև գերիշխանության համար և միաժամանակ անընդհատ կոնֆլիկտի մեջ են գտնվում միմյանց հետ որոշումների կայացման առաջնահերթության համար։
Սողունային ուղեղը մեր կյանքի կարևորագույն ֆունկցիաների վերահսկողն է։ Բացի այդ, այն կառավարում է մեր ռեֆլեքսները՝ վտանգի հանդեպ ուշադրությունը, քաղցի զգացողությունը և այլն։ Նրա գլխավոր նպատակը ցավից խուսափելն է։
Էմոցիոնալ ուղեղը կառավարում է մեր էմոցիաները և դրդում է այնպիսի որոշումների կայացմանը, որոնք առավելապես հիմնված են մեր ինտուիցիայի վրա։ Այն մեր հիշողության և հուզական արտահայտումների կենտրոնն է։
Ինչ վերաբերվում է մեր ռացիոնալ ուղեղին, այն համարվում է մեր մտածողության կենտրոնը, որտեղ կատարվում է զգայարանների տրված ինֆորմացիայի ընկալման և վերամշակման գործընթացը։
Նրա միջոցով, զգացմունքներին տրվում է «մտածողություն» և ի վերջո մարդը ստանում է երևույթների մասին ամբողջական ընկալում։ Այն կարելի է համարել մեր նյարդային համակարգի ռացիոնալության վայրը։ Ուղեղի այս շերտը մեզ տալիս է համակարգված և տրամաբանական մտածողություն։ Մտածողություն, որը գոյություն ունի անկախ մեր գենետիկորեն ծրագրավորված հույզերից և վարքագծից։
Այսքանից հետո նշեմ ամենակարևորը․ իրականում, մեր որոշումները կայացվում են մեր հին ուղեղի միջոցով, որը չափազանց կասկածամիտ է։ Այն հավաքագրում է մեր մյուս երկու՝ էմոցիոնալ և ռացիոնալ ուղեղներից եկած ինֆորմացիան և կայացնում վերջնական որոշում։ Շատ կարևոր է հասկանալ մեր հին ուղեղի իրական դրդապատճառները և վաճառել հիմնվելով հենց դրանց վրա։
Այս թեմայով շուտով անցկացնելու եմ ՆԵՅՐՈՎԱՃԱՌՔ վերնագրով մի յուրահատուկ սեմինար-պրակտիկում։